Զախարովան, փաստորեն, կոմպրոմիսների գաղափարը բացատրեց. Մանվել Սարգսյան
ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի`Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հաստատված ձևաչափը ենթադրում է փոխզիջման որոնում: Մանվել Սարգսյանն այդ հայտարարությունը հատկանշական է համարում այն առումով, որ Զախարովան ասել է, թե փոխզիջումը չլինի ի վնաս երկու երկրների ժողովուրդների ապագայի և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում անմիջականորեն ապրող մարդկանց:
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ նա, փաստորեն, կոմպրոմիսների գաղափարը բացատրեց, և, փաստորեն, ասում է, որ պետք է լինի փոխզիջումային այնպիսի լուծում, որ չվնասի նաև ԼՂ բնակչությանը»,-ասաց Մանվել Սարգսյանը և նշեց, որ մնացածը մեկնաբանությունների խնդիր է:
Ըստ նրա՝ փոխզիջումային այն տարբերակը, որն առաջարկում է Մինսկի խումբը, ընդունելի չէ Արցախում: «Մինսկի խմբի առաջարկը շատ պարզ է: Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը իրականացնելու ձևերը, իսկ հայկական կողմերի առաջ պահանջ է դրված, որ ինչ-որ տարածքներ հանձնի»-ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանը մերժում է, հետևաբար, առաջարկված այդ բանաձևով հնարավոր չէ խնդիրը լուծել: «Եթե Ադրբեջանը չի ընդունում դա, ապա ո՞նց ենք լուծելու այդ հարցը, ո՞նց եք պարտադրելու նրան: Այդ հարցին է, որ պետք է անդրադառնալ, իսկ հետո խոսել այդ մասին»,- ասաց նա:










