Մայրաքաղաքի նոր ճոպանուղու ներդրումային ծրագիր է ներկայացվել. հնարավոր երթուղիների 5 հավանական տարբերակ է նշվում
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներկայացրել է մայրաքաղաքի նոր ճոպանուղու ներդրումային ծրագրի առաջարկ: Ճոպանուղու կառուցման վերաբերյալ հետազոտական աշխատանքները ներառված են Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրում: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը:
«Այժմ առաջարկը ծրագրային փուլում է: Նոր ծրագիրը վերաբերում է ամբողջ քաղաքի համար ուղևորափոխադրումներ ապահովող ճոպանային տրանսպորտի ստեղծմանը»,- ասաց Օհանյանը:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի հետ համագործակցության շրջանակում: Մասնավոր ներդրումների պարագայում Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին ներդրողին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերելու գործում:
Սիրեկան Օհանյանի նշեց, որ դեռևս ներդրողները չեն արձագանքել, քանի որ ծրագիրը դեռ ավարտական փուլում չէ: Այժմ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն նախնական ուսումնասիրություն իրականացնել համար համագործակցում է ֆրանսիական MDP ընկերության հետ:
«Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկը կատարված է ծրագրի 5-6 կմ երկարության համար, բայց սա նախնական է: Գինը հստակ չէ, որովհետև խնդիրներ կան, թե ինչ տեսակ կայարանային և հենարանային կառույցներ կկառուցվեն՝ մեծ, թե փոքր: Արտասահմանյան մեր գործընկերներն էլ են դժվարանում հստակ թիվ ասել՝ պետք է հաշվարկվի` ըստ իր որակի, տեսակի, հեռավորության: Հիմա փորձում ենք իրար հետ մի քանի տեխնիկատնտեսական խնդիրներ հասկանալ»,- նշեց նա:
Օհանյանը խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը քաղաքապետարանին փորձելու է օգնել նաև ներդրողին գտնելու հարցում:
«Ճոպանուղին տեսակով այնպես է, որ կարող է և 100 տոկոս մասնավոր ներդրում լինի: Մասնավորը ինքը կառուցի, ինքն էլ շարագործի: Կարծում եմ՝ ճոպանուղին շահութաբեր տրանսպորտային միջոց է»,- ընդգծեց Օհանյանը:
Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ Այն ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք։ 2004 թվականի ապրիլի 2-ին, Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից հինգը մահացել է, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին: Ճոպանուղու օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում էր մոտ 500 ուղևոր:
Առաջարկված ծրագրում ընդգրկված չի 50 տարի առաջ բացված Հերացի - Նորք-Մարաշ հին երթուղին, քանի որ այն վերակառուցելը հնարավոր չէ: Եթե նախկինում ճողանուղու մի գիծ էր ապահովված՝ քաղաքի կենտրոնից դեպի Նորք, ապա ներկայիս ծրագիրը ընդգրկում է ճոպանուղու կայանների և հնարավոր երթուղիների հինգ հավանական տարբերակ:
«Իմ ցանկությունը հետևյալն է՝ քաղաքի մի քիչ դժվարամատչելի ճանապարհները իրար հետ կապել ճոպանուղով: Օրինակ՝ Նորքը ձմեռները դժվար է կենտրոնի հետ կապվում, սառույց, խցանումներ են լինում: Այդ ծրագրով մենք պետք է փորձենք Նոր Նորքը, հին Նորք Մարաշը, Երևանի կենտրոնը, Աջափնյակը, Դավթաշենը կապենք իրար»:
Քաղաքային ճոպանուղին` լինելով տրանսպորտի տեսակ և ուղևորափոխադրումների կազմակերպման միջոց, միաժամանակ հանդիսանում է շատ կարևոր բաղադրիչ քաղաքի զբոսաշրջության գրավչության բարձրացման գործում:
«Մենք փորձում ենք դրանք համատեղել, որովհետև այս ուղղությունները արդեն հետաքրքրություն ներկայացնող են: Կարծում եմ՝ ճոպանուղին կարող է գրավիչ փոխադրամիջոց դառնալ Երևանը վերևից՝ թռչնի թռիչքի բարձրությունից տեսնել ցանկացող զբոսաշրջիկների համար: Մենք փորձելու ենք նաև երթուղիները հնարավորինս հետաքրքիր ճանապարհներով անցկացնել»,- ասաց Սիրեկան Օհանյանը:










