Ավտովթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. կա մեկ տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «Mazda 323» մակնիշի 14 SL 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և կախվել դեպի ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ա. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել այն։










