ՀՀԿ-ն հանձնաժողովում մեծամասնություն է, բայց այս պարագայում էլ հաջողության կհասնենք. Երևանի ավագանու «Ելք»-ի անդամ
Երևանի քաղաքապետարանում Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Ելք»-ի դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով իր հետագա գործունեության և ծրագրերի, նորարարությունների մասին, ասաց, որ այս հանձնաժողովն ունի վերահսկողական ավելի շատ գործառույթներ և շեշտեց, թե ինքը փորձել է օրենքով հանձնաժողովին տրված զինանոցն օգտագործել:
«Գիտեք՝ հանձնաժողովը բավականին մեծ է, առնչվում է մի շարք ոլորտների խնդիրների՝ կրթություն, հանրակրթություն, նախադպրոցական կրթություն, առողջապահություն, տուրիզմի, սոցիալական և այլն: Այս բոլոր ոլորտների ուղղություններով աշխատանք միանշանակ տարվելու է»,–ասաց նա:
Ինչ վերաբերում է նորարարություններին, ապա նրա խոսքով, առաջին հերթին պետք է վերահսկողական գործառույթները ճիշտ օգտագործել, դրանից հետո հնարավոր է լինեն նոր զարգացումներ։
«Մասնավորապես, որոշել եմ մինչ նախագծերը ներկայացնելը, որոշումներ կայացնելը, քննարկումներ անել հասարակական հայտնի կազմակերպությունների, լսել ոլորտի հայտնի մասնագետների տեսակետները: Կարծում եմ՝ այս գործելաոճը թույլ կտա նոր շունչ հաղորդել կոնկրետ ոլորտի հարցերի ու խնդիրների լուծմանը: Պետք չէ սահմանափակվել միայն այն ռեսուրով, որն ունի քաղաքապետարանն ու ավագանիին, պետք է ներգրավել նաև փորձագիտական շրջանակներին»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ մտադիր է ստեղծել տարբեր խորհուրդներ՝ հաջողված դպրոցների տնօրենների, մշակութային և այլն, որի նպատակն է որոշումների կայացմանը նոր շունչ հաղորդել: Դիտարկմանը, որ նախկինում համայնքային և այլ միջոցառումների ժամանակ հնչած ցածրարժեք երաժշտությունը դժգոհություն էր առաջացնում քաղաքացիների մոտ և հարցին՝ այս խնդրի կարգավորմամբ զբաղվելո՞ւ եք, նա պատասխանեց՝ նշելով, թե իրեն էլ որպես քաղաքացի մտահոգել է խնդիրը:
«Այստեղ կա նաև որակի փոփոխության խնդիր, ես էլ մինչ այս պաշտոնը ստանձնելը քննադատել եմ: Շատ հաճախ բավականին մեծ գումարներ են ծախսվում նման միջոցառումների վրա, սակայն արժեքային տեսակետից այդ միջոցառումները նորություն չեն բերում մեր հասարակությանը: Գիտեք, որ այս հանձնաժողովում ներգրավված են արվեստի հայտնի դեմքեր, որոնք նախկինում էլ ներգրավված են եղել՝ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Դովլաթյանը և այլք։ Կարծում եմ՝ նրանց ներուժը լավագույնս չի օգտագործվել, իսկ ավագանիի ու հանձնաժողովի դերն իջեցվել է որոշում դակողի մակարդակի: Եթե նման քննարկումներ լինեն, ապա ձեր ասած միջոցառումների որակում էլ փոփոխություններ կլինեն, թեպետ մենք այդքան էլ այդ միջոցառումների կազմակերպման հարցում ազդեցություն չունք, բայց կարող են նաև մեր մոտեցումները ներկայացնել»,- ընդգծեց Հարությունյանը:
Հարցին, թե հաշվի առնելով, որ նախկինում այս կամ այն միջոցառումը կազմակերպելուց հետո դժգոհության առիթ էր լինում, որ այդ գումարները կարող էին ավելի արդյունավետ ծրագրերի համար ծախսվել, հնարավո՞ր է հանդես գաք նման միջոցառումների կրճատման առաջարկով և զարկ տաք կրթության հետ կապված միջոցառումներին, «Ելք»-ի անդամը պատասախանեց, թե սկզբում պետք է հաշվի առնել ու հասկանալ, թե ֆինանսական ինչ միջոցներ կան:
«Մենք պետք է նայենք, թե որքա՞ն արդյունավետ են այդ միջոցները ծախսվում, ի՞նչ միջոցառումների վրա են ծախսվում և նախապատվությունը տանք այն միջոցառումներին, որոնց արդյունքում արժեք են ստեղծում, այլ ոչ թե միջոցառումներն անում են անելու համար: Ցանկացած ոլորտ, որը փորձում են բարեփոխել, գալիս ենք բախվում կրթության լրջագույն խնդրին, ինչը գալիս է և՛ դպրոցից, և՛ բուհական համակարգից: Առաջնային պետք է լինեն բարեփոխումներ հենց այս ոլորտում և մենք առաջարկներով հանդես կգանք: Իհարկե, այստեղ խնդիր է առաջանում, քանի որ հանձնաժողովի մեծամասնությունը ՀՀԿ-ից է, բայց կարծում եմ, որ մեզ կհաջողվի լուրջ հաջողությունների հասնել»,-եզրափակեց Հարությունյանը:










