Ավստրալիայի վարչապետն ափսոսանք է հայտնել, որ Թրամփին նմանակելու տեսագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում (տեսանյութ)
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին մտահոգել է այն փաստը, որ լրատվամիջոցների մոտ է հայտնվել տեսանյութը, որում նա խոսելիս նմանակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես նշում է Courier Mail-ը, երկրի խորհրդարանում ամենամյա ձմեռային պարահանդեսի ժամանակ վարչապետը կատակել է Թրամփի հետ ունեցած առաջին հանդիպման վերաբերյալ:
«Մենք հաղթում ենք սոցհարցումներում, մենք հաղթում ենք, բայց ոչ կեղծ սոցհարցումներում: Մենք դրանցում չենք հաղթում: Մենք հաղթում ենք իրական սոցհարցումներում՝ դե գիտեք՝ առցանց սոցհարցումները: Դրանցում այնքան հեշտ է հաղթելը: Բացի այդ, ես մի ռուս տղա ունեմ»,-ասել է Թերնբուլը՝ փորձելով պատկերել Թրամփին և ակնարկել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության վերաբերյալ մեղադրանքը:
Մինչդեռ Կանբերրայում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ հումորով է վերաբերվում միջադեպին:
Հայտնի է, որ միջոցառման ժամանակ քաղաքական գործիչներն իրար հետ ազատ են խոսել՝ վստահ լինելով, որ խոսակցությունները չեն ձայնագրվում: Սակայն արտահոսած տեսանյութը վկայում է, որ միջոցառման ոչ բոլոր հյուրերն են հետևել սահմանված կանոններին:










