Երևանում 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

13:16 • 15.06.17

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
                                        
2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից 24-ամյա բնակչուհին ընկել է և մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

24-ամյա աղջկա մահվան հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն  տրվել ոստիկանության համապատասխան բաժնին: