Շուտով բոլորը կհասկանան, որ Ռուսաստանը ոչ մի վտանգ չի ներկայացնում. Պուտին
Շուտով բոլորին հասկանալի կդառնա, որ Ռուսաստանը ոչ մի վտանգ չի ներկայացնում ո՛չ մերձբալթյան, ո՛չ արևելաեվրոպական երկրներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Showtime հեռուստաալիքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ սպառնալիք կա ՆԱՏՕ-ից։ Ըստ նրա՝ երբ ՆԱՏՕ-ն «գալիս է այս կամ այն երկիր, որպես կանոն, այդ երկրի քաղաքական ղեկավարությունը և երկրի բնակչությունը չեն կարող ազդել ՆԱՏՕ-ի կայացրած որոշումների վրա, այդ թվում՝ ռազմական ենթակառուցվածքների տեղակայման որոշումների»:
«Այժմ տեղի է ունենում Եվրոպայում ամերիկյան ազդեցության որոշակի ամրապնդում, այդ թվում՝ արևելաեվրոպական երկրների հաշվին, որովհետև նրանք դեռ գտնվում են նախկին Խորհրդային միության տեսքով մեկ այլ ուժի դիմադրելու հարացույցում, այդ ամենը փոխադրվում է այսօրվա Ռուսաստանի վրա: Բայց վաղ թե ուշ դա կավարտվի: Կարողացան Ուկրաինայում նախաձեռնած ճգնաժամի օգնությամբ վերաբերմունք առաջացնել Ռուսաստանի հանդեպ՝ որպես հնարավոր ագրեսորի: Բայց, այնուամենայնիվ, շատ շուտով բոլորին հասկանալի կդառնա, որ Ռուսաստանից ոչ մի վտանգ չկա՝ ո՛չ մերձբալթյան երկրներին, ո՛չ արևելաեվրոպական, ո՛չ առավել ևս Արևմտյան Եվրոպայում ավելի հեռու երկրներին», -ասել է Պուտինը:










