Հունիս ամսին տնտեսական ակտիվության դանդաղում կունենանք. Վարդան Արամյան
Առաջին եռամսյակում մեր ՀՆԱ-ի աճը կազմել է 6,5 տոկոս, որը, կարծում եմ, բավականին լավ ցուցանիշ է առաջին եռամսյակի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք 5,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Ամբողջ տարվա համար մենք թիրախավորել ենք 3,2 տոկոս տնտեսական աճ, բազմիցս կրկնել ենք, որ 3,2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,-ասաց Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ նախորդ անգամ ինքը կանխատեսել էր, որ առաջիկա ամիսներին բազային էֆեկտով կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղում:
«Այն ժամանակ մենք խոսում էինք 6,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին՝ հունվար-փետրվարին, այսօր մենք ունենք 5,7 տոկոս և հիմնականում այն, ինչ մենք սպասում էինք, իրագործվեց, որովհետև անցյալ տարի, հունվար ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը աստիճանաբար աճել է մինչև 6,2 տոկոս: Ակնհայտ է, որ այստեղ կունենանք բազային էֆեկտ»,- վստահեցրեց ֆինանսների նախարարը:
Նա չբացառեց, որ հունիս ամսին ևս կլինի տնտեսական ակտիվության մի փոքր դանդաղում, առաջիկա ամիսներին տնտեսության ակտիվության էական նվազում չեն ակնկալում: Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդեցություն շարունակում են ունենալ արդյունաբերությունը և ծառայությունները: ՀՆԱ-ի աճին շարունակում են նպաստել արդյունաբերությունը, ծառայությունները և առևտուրը:
«Ծառայությունները 4,5 տոկոսով նպաստում են տնտեսական ակտիվությանը: Գյուղատնտեսությունը և շինարարությունը բացասական ցուցանիշ են գրանցել այս ամիսների ընթացքում: Արտահանումը շարունակում է գրանցել առաջանցիկ աճ՝ ներմուծման նկատմամբ: Մենք 5 ամսվա ընթացքում ունեցել ենք ավելի քան 16 տոկոս արտահանում, ներմուծման ցուցանիշը 14 տոկոսից ավել է:










