Գյուղացին ուզում է տեսնել իր աշխատանքի արդյունքը. ստախոսությունը չափ ու սահման ունի. Հրաչ Բերբերյան

16:43 • 16.06.17

Գյուղացին ուզում է տեսնել իր աշխատանքի արդյունքը, վերջին տարիներին գյուղացուն հասցրին այնպիսի վիճակի, ստախոսությունը չափ ու սահման ունի, հիմա էլ փորձում են 2-3 տարի էլ խոստում տալ, գյուղացին հոգնել է դրանից: «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն այսպիսի միտք է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի եթերում` ի պատասխան գյուղատնտեսության նախարարի այն հայտարարությունը, որ գյուղացին պետք է հաշվարկներ անի, եթե ձեռնտու չէ՝ չզբաղվի գյուղատնտեսությամբ:

Նրա գնահատմամբ՝ հաճախ պատասխաններն ու հայտարարությունները չեն համընկնում գործողությունների հետ:

«Ինչ վերաբերում է գյուղացիների՝ ճանապարհ փակելու քայլերին, ապա, կարծում եմ, գյուղացիների համբերության բաժակը լցվել է: Եկեք հասկանանք, որ գյուղատնտեսությունը պարենի անվտանգություն է, առաջին հերթին մեր բանակի սպասարկումն է, վատ, թե լավ, փոքր աշխատատեղեր են»,-ասել է Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք՝ ինչ պետք է արտադրենք և արտահանենք: Ըստ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահի՝ նախալեռնային, լեռնային գոտում 40 տոկոս ցանքատարածությունների անկում ունենք՝ հատկապես կարտոֆիլի, Արարատյան հարթավայրում դա համեմատաբար բարվոք է:

«Մենք օրերս դիմեցինք մեր ֆերմերներին, որ կարտոֆիլի մեծածախ գները մի փոքր նվազեցնեն, որ ազգաբնակչությանը մատչելի լինի»,-տեղեկացրեց Հրաչ Բերբերյանը:

Անդրադառնալով կարկտահարության թեմային «Ագրարագյուղացիական միավորման» նախագահը նշեց, որ այդ 10 գյուղում ոչ մի «չինովնիկ» վերջին օրերին չի եղել:

«Մենք ամեն օր այնտեղ էինք, չէ՞: Ոչ մի չինովնիկ չի գնացել իրական վիճակը տեսել: Երեք օրում ինչպե՞ս են հաշվարկ անելու: Վնասն ո՞վ է հաշվարկելու»,- նկատել է Հրաչ Բերբերյանը:

Նա ասել է, որ վարունգի արտադրությունն այնքան շատ է, որ, անպայման, պետք է վերամշակվի, բայց, ըստ Բերբերյանի, նախարարությունը դրանով չի զբաղվում, փորձում է զբաղվել գարի ներկրելով, պարարտանյութ ներկրելու հովանավորությամբ:

«Ասում են՝ վարկերի տեղաշարժ անենք: Տեղաշարժ պետք չէ անել, բանկին շատ հարմար է, որ մի տարի էլ ձգի, տոկոսադրույք դնի, գյուղացուն «քերթի»: Դա ձեռք չի տալիս, մեզ պետք է, որ այդ վարկը սառեցվի»,-առաջարկել է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահը:

Նրա խոսքով՝ նախարարության այդ օգնությունը պետք է ոչ թե ՋՈ-երին տան, գյուղապետարաններին կամ մարզպետարաններին տան, կամ երկու պարկ ազոտական անորակ պարարտանյութ տան, այլ գյուղացին պետք է գումարային ինչ-որ բան ստանա, որ գյուղը չլքի: