Հրազդանում տեգրոջ 3-ամյա աղջկան մահացու վրաերթի ենթարկած կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
2016 թվականի մայիսի 10-ին Հրազդանում տեգրոջ 3-ամյա աղջկան վրաերթի ենթարկած կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ ներկայումս 18-ամյա աղջկան առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, քանի որ Խանում Հովսեփյանի գործողություններում բացակայում է քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշը։ Դատարանը նշել է, որ չկա հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշը, այն է՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը:
Խանում Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մայիսի 10-ին գնացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող` թիվ 140-րդ ավտոտնակի մոտ, որտեղ ամուսինը` Սամվել Ալիխանյանը և նրա մորաքրոջ տղան` Հարություն Թովմասյանը նորոգել են վերջինիս ՎԱԶ 21099 մակնիշի պետհամարանիշի ավտոմոբիլը, իսկ ամուսնու եղբոր երկու անչափահաս դուստրերը` Լիանա Մելքոնյանը և Սյուզաննա Մելքոնյանը խաղալիս են եղել այնտեղ:Այնուհետև ժամը 15:50-ի սահմաններում Հ. Թովմասյանից հարցնելով և տեղեկանալով ավտոմոբիլի շարժիչը գործարկելու ձևի մասին, գործի է գցել շարժիչը` շուրջ 3 մետր առաջ ընթանալով` առջևի հատվածով հարվածել է ավտոտնակի աջ դարպասի անկյունում կանգնած 3 ամյա Լիանա Մելքոնյանին: Ստացած մարմնական վնասվածքներից երեխան տեղում մահացել է:
Դատարանի որոշմամբ Խանում Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Խանում Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ Խանում Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատաքննության ընթացքում Խանում Հովսեփյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա պատմել է, որ Սամվել Ալիխանյանը և նրա մորաքրոջ տղան՝ Հարություն Թովմասյանը եկել են իրենց տուն, ճաշել են և գնացել ավտոտնակ: Մեքենան կայանված է եղել ավտոտնակի դիմաց: Հարությունն իրեն ասել է, որ նստի մեքենայի ղեկին, քանի որ պետք է փորձարկում անեն, տեսնեն արդյոք աշխատում է, թե՝ ոչ։ Ինքը հրաժարվել է, սակայն Հարությունը պնդել է և ինքը նստել է մեքենայի ղեկին: Հարությունը կանգնել է իր կողքին և ասել, որ ձախ ոտքով սեղմի ձախ ոտնակը և աջ ձեռքով բացի բանալին։ Ինքը պտտեցրել է բանալին, շարժիչը միացել է և մեքենան շարժվել է տեղից: Հարությունը փորձել է մեքենան կանգնեցնել և ոտքը մտցրել է մեքենայի մեջ, սակայն չի հաջողվել կանգնեցնել: Այդ ժամանակ իր տեսադաշտում մարդ չի եղել, մեքենայի դիմաց չի նկատել որևէ մեկին: Երբ նստել է մեքենայի ղեկին, երեխաներն ավտոմեքենայի աջ կողմում խաղալիս են եղել: Մեքենայի ղեկին իր նստած դիրքից առջևի հատվածը չի երևացել և ինքը Լիանային չի նկատել: Այդ ժամանակ ամուսինը մեքենայի կողքին գործ անելիս է եղել և նա չէր կարող ականատես լինել նրան, երբ Հարությունն իրեն ասել է նստի մեքենայում և շարժիչը միացրու: Իր ամուսնու եղբոր երեխաներն այդտեղ խաղալիս են եղել, ինքնուրույն են գնացել այդ վայր: Երեխաների ծնողները տեղյակ են եղել, որ նրանք դրսում խաղում են: Իրեն որևէ մեկը չի հանձնարարել հետևել երեխաներին: Նախկինում ինքը երբևիցե ավտոմեքենա չի վարել:










