Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 2017 թ. ընթացքում 25 խնամյալ է մահացել. տնօրենի ԺՊ-ն համամիտ չէ, թե տրվող սնունդը լափ է
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 2017 թ. ընթացքում 25 խնամյալ է մահացել. այս պահին տուն ինտերնատում կա 250 խնամյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:
Մինչ Զուրաբյանի պաշտոնի ստանձնումը՝ մինչ մարտի 14-ը մահացել է 13 մարդ, մարտի 14-ից հետո՝ 12 մարդ: Tert.am-ի հարցին՝ սա բա՞րձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, տուն-ինտերնատի տնօրենի ԺՊ-ն պատասխանեց, որ նախորդ տարիների ցուցանիշները չի ուսումնասիրել:
Խոսելով տուն-ինտերնատում տիրող վիճակի, վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում բարձրաձայնված խնդիրների մասին՝ Զուրաբյանը նշեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, բայց ամենամեծը՝ կենսապայմաններն են, որոնցում ապրում են խնամյալները:
Նրա տեղեկացմամբ՝ տուն-ինտերնատի շենքը կառուցվել է 1953 թ. և կա հիմնանորոգման խնդիր:
«Շենքերը կառուցվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում, որից հետո եղել են որոշ վերանորոգումներ, բայց 3 ամսում հիմնանորոգման այն ամբողջը առանց ֆինանսական միջոցների չեմ համարում որևիցե մեկի ուժերի սահմաններում է: Չեմ ասում նաև, որ այդ խնդիրներն իմը չեն: Ձեզ վստահեցնում եմ՝ թիվ 1 տուն-ինտերնատը հասնելու է իր անվանը, այն լինելու Հանրապետության համար 1-ը ինտերնատը»,- ասաց նա:
Զուրաբյանը նշեց, որ այժմ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենք, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Մնացել է միայն մասնաշենքի գույքի ձեռքբերումը, որպեսզի խնամյալները տեղափոխվեն նոր շենք:
«Նոր մասնաշենքը կառուցված է 72 խնամյալի համար, այն հիմնականում անկողնային հիվանդների համար է, բայց վատ սենյակների խնդիրը կմնա: Գույքն արդեն սկսել են մատակարարել, սեպտեմբեր ամսին արդեն կտեղափոխվեն նոր շենք»,- հայտնեց Վահան Զուրաբյանը:
Տուն-ինտերնատի տնօրենի ԺՊ-ն առաջնային անելիքների մասով ասաց, որ կարևորվում է ակումբի վերանորոգումը, շենքի հարմարեցումը հաշմանդամություն ունեցողների տեղաշարժին, ինչպես նաև նախատեսվում է շենքի ներսում ատամնաբուժարան կառուցել:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակմանը, որ հոգեկան խնդիրներ ունեցող խնամյալները նույն հարկի տակ են ապրում մյուսների հետ, Զուրաբյանն ասաց.
«Փաստաթղթային առումով մենք խնդիր չունենք, բայց, կարծում եմ, նմանատիպ խնդիր ունենք: Ժամանակի ընթացքում չեմ բացառում, որ մարդը ձեռք բերի հոգեկան խնդիրներ: Կարգն այժմ այսպիսին է. ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցանկ եմ ներկայացրել՝ խնդրելով, որպեսզի հոգեբույժների խումբը գա և ստուգի նրանց: Նոր դրանից հետո կարող եմ նրանց տեղափոխել, ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել: Մայիսի 22-ին ենք դիմել, բայց պատասխան դեռ չենք ստացել»,- նշեց նա:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ տուն-ինտերնատում կա մեկ բուժծառայության պետ, երեք բժիշկ, ընդհանուր առմամբ՝ 138 աշխատակից: Նախկինում հաստատությունում եղել է հոգեբույժի հաստիք, բայց հետո դա նպատակահարմար չեն համարել: Այժմ հոգեկան խնդիրներ ունեցողների տեղափոխման պահանջով տուն-ինտերնատը դիմում է մոտակա հոգեբուժարան:
Նա նաև համամիտ չէ, որ տուն-ինտերնատում սնունդը լափ է, ինչպես ասում են խնամյալները: Ըստ նրա՝ տրվող սնունդը գերազանց է:










