Սերբիայի պատմության մեջ առաջին անգամ լեսբուհի վարչապետ է նշանակվել

11:52 • 16.06.17

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վարչապետի պաշտոնում է նշանակել 41-ամյա Անա Բրնաբիչին, որը երկրի պատմության մեջ ոչ միայն առաջին կին, այլև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ առաջին վարչապետն է:

Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահը հայտարարել է, որ Բրնաբիչին լիազորել է ձևավորել նոր կառավարություն: Վուչիչն ընդգծել է, որ նա աշխատասեր, պրոֆեսիոնալ և մարդկային լավ հատկանիշներով օժտված անձ է:

Աղբյուրը մանրամասնում է, որ նորանշանակ վարչապետը, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, քաղաքական դաշտ է մտել նախորդ տարի՝ դառնալով Սերբիայի առաջին միասեռական նախարարը:

Հայտնի է, որ տեղի ԼԳԲՏ համայնքը ողջունել է վարչապետի նշանակումը՝ նշելով, որ սա մեծ ձեռքբերում է: Ակտիվիստների կարծիքով՝ Բրնաբիչի կառավարման օրոք միասեռականների իրավունքները կսկսեն ավելի շատ հարգվել:

Քաղաքագետների կարծիքով՝ լեսբուհի վարչապետի նշանակումը պատահական չէր, քանի որ Սերբիան հավակնում է Եվրոպական միության անդամ դառնալ ու հեռվանալ դաշնակից համարվող Ռուսաստանից: Այս նշանակումը, ըստ մասնագետների, վկայում է, որ Սերբիան ցանկանում է շարժվել եվրոպական արժեքներով: