Պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակելու է ԱԽ-ն, որի հիման վրա էլ ՊՆ-ն իրականացնելու է այն. Հ. Սահակյան
Նոր Սահմանադրությամբ՝ անվտանգության խորհուրդն ավելի լուրջ, ավելի գործուն մարմին է դառնում և նրան կոնկրետ գործառույթներ են վերապահված լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր և ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը:
«2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններով կա մի քանի դրույթ, որոնք վերաբերում են անվտանգության խորհրդին: Նախատեսվում է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակելու է անվտանգության խորհուրդը, որի հիման վրա էլ պաշտպանության նախարարությունն իրականացնելու է այդ քաղաքականությունը»,- ասաց Սահակյանը:
Նոր Սահմանադրությամբ նաև սահմանված է, որ պատերազմական իրավիճակի ժամանակ անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը: «Նոր Սահմանադրությամբ, ըստ էության, անվտանգության խորհրդին մի շարք գործառույթներ են վերապահվում, և կարծում եմ՝ այն ավելի սահմանադրական մարմնի կարգավիճակ է ստանում»,- նշեց նա:
Հովհաննես Սահակյանը նաև հայտնեց, որ ըստ նոր Սահմանադրության՝ անվտանգության խորհրդի մյուս գործառույթները կանոնակարգվելու են համապատասխան օրենքով: Երբ որ Անվտանգության խորհրդի մասին օրենքը կքննարկվի ԱԺ-ում, այդ ժամանակ հայտնի կդառնան ԱԽ մյուս գործառույթները:
Հարցին, թե ԱԽ մասին օրենքը մինչև երբ պետք է ընդունվի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Կառավարության, անվտանգության խորհրդի մասին օրենքը, դատական օրենսգիրք և մի շարք այլ օրենքներ պետք է մինչև 2018 թ. ապրիլ ընդունվեն: Դա տրամաբանական է, որովհետև 2018 թ. ապրիլից արդեն նոր Սահմանադրությունն ամբողջությամբ մտնում է իր լիազորությունների տիրույթ»:
Մեկ այլ հարցի՝ մինչ օրենքի ընդունումը ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակում չի՞ լինի, Հովհաննես Սահակյանն ասաց, որ այդ հարցին կդժվարանա պատասխանել, քանի որ իր լիազորությունների շրջանակում չէ:
Նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ապրիլի 14-ից թափուր է, այն պահից, երբ Յուրի Խաչատուրովի նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:










