Լրատվամիջոցները պարզել են՝ ուր են փախել ԻՊ պարագլուխներն իրաքյան Մոսուլից և սիրիական Ռաքքայից
Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, պարզել է, թե ուր են փախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներն իրաքյան Մոսուլից և սիրիական Ռաքքայից։
Ըստ աղբյուրի ունեցած տվյալների՝ զինյալներն ապաստան են գտել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող Ալ Մայադին քաղաքում: Քաղաքը գտնվում է Եփրատ գետի ափին՝ Իրաքի հետ սահմանին:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Արևմուտքի մասնակցությունն այս գործողությանը վրդովվեցնում է պաշտոնական Դամասկոսին, ըստ Սիրիայի իշխանությունների՝ նրանք չեն համաձայնեցնում իրենց գործողությունները կառավարական ուժերի հետ, և Սիրիայի հյուսիսում նրանց ներկայությունը փաստացի նշանակում է երկրի տարածքային ամբողջականության խախտում:
Իսկ իրաքյան բանակն աջակցող ուժերի հետ ազատագրական պայքարը Մոսուլում սկսել է 2016-ի հոկտեմբերին: 2017-ի հունվարին հաջողվել է ազատագրել քաղաքի արևելյան հատվածը, իսկ փետրվարին պայքար է սկսվել արևմտյան թաղամասերի համար:










