Պամելա Անդերսոնին կոմսուհու կոչում տված ինքնակոչը կկանգնի դատարանի առաջ
Որպես Չեռնոգորիայի կոմս ներկայացած Ստեֆան Չերնետիկը, որը Սանտա Մարգերիտա Լիգուրեում կազմակերպված բարեգործական ընթրիքի ժամանակ կոմսուհու կոչում էր շնորհել ամերիկյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնին, կկանգնի դատարանի առաջ:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, ինքնակոչ կոմսը, խաբելով բոլորին, կարողացել էր ներկայանալ որպես արիստոկրատ ու շքեղ կյանք վարել:
Աղբյուրը մանրամասնում է, որ իտալական լրատվամիջոցները լրագրողական հետաքննություններ են անցկացրել՝ կասկածելով, որ Չերնետիկը ստում է: Մինչդեռ Իտալիայի ոստիկանությունը միայն վերջերս է սկսել հետաքրքրվել «կոմսով»:
Այս ընթացքում Չերնետիկն ակտիվ օգտվել է իր կեղծ դիրքից, ապրել է շքեղ հանգստավայրերում, մասնակցել կարևոր միջոցառումների, հանդիպել հայտնի անձանց հետ և այդ ամենը՝ ուրիշների հաշվին։
Բացի այդ, հավելյալ գումար վաստակելու համար Չերնետիկը պարբերաբար պալատական կոչումներ է շնորհել, ինչպես նաև օգնել է դիվանագիտական անձնագրեր ստանալու հարցում, սակայն այդ փաստաթղթերը, ինչպես և ինքը՝ կոմսը, կեղծ են եղել:
Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդն իրականում ծնվել է Տրիեստում և ապրել Թուրինում: Նրան ձերբակալել են Բրինդիզիի շքեղ հանգստավայրերից մեկում, որտեղ Չերնետիկը հյուրընկալել էր կրոնական գործիչների ու գործարարների:
Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության, կեղծ փաստաթղթերի պատրաստման ու պահման, պետական խորհրդանիշի կեղծ օգտագործման համար:










