Իրաքյան Քուրդիստանի առաջնորդն ու Իրաքի վարչապետը զրուցել են քրդերի անկախության հարցով հանրաքվեի մասին

16:56 • 16.06.17

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, խոսելով աշնանը սպասվելիք անկախության հարցով հանրաքվեի մասին, հայտարարել է, որ այդ հանրաքվեն ի զորու է կանխել տարածաշրջանում և հատկապես Իրաքի հյուսիսում նոր արյունալի պատերազմների վտանգը:

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Բարզանին խոստովանել է, որ իրենք վաղուց էին պլանավորում անկախության հարցով հանրաքվե անցկացնել, սակայն պարբերաբար հետաձգել են այն՝ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պատճառով:

«Սակայն է՛լ ավելի հետաձգելն այլևս կարող է վատ հետևանքներ ունենալ և վատ անդրադառնալ մեր ժողովրդի ճակատագրի վրա», - ասել է Բարզանին:

Նա նաև հավաստիացրել է, որ հանրաքվեի մասին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ, և վերջինս փորձել է ըմբռնումով մոտենալ հարցին: Բարզանին հույս է հայտնել, որ Բաղդադը հարցին կմոտենա խաղաղասիրական տեսանկյունից:

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին: