Քեմբրիջի դուքսը, դքսուհին և արքայազն Հարին գումար են նվիրաբերել Լոնդոնում այրված շենքի բնակիչների օգնության հիմնադրամին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից 3-ը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, դքսուհի Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև արքայազն Հարին, գումար են նվիրաբերել նորաստեղծ հիմնադրամին, որն օգնում է Լոնդոնում խոշոր հրդեհի հետևանքով այրված Grenfell Tower 24-հարկանի շենքի բնակիչներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թագավորական ընտանիքի անդամները հույս են հայտնել, որ իրենց նվիրատվությունը դրդիչ քայլ կլինի մյուսների համար տուժածներին աջակցելու հարցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնադրամին գումար են փոխանցել հազարավոր մարդիկ՝ հայտնիներ, ինչպես նաև պարզապես սրտացավ քաղաքացիներ: Հայտնի է, որ առնվազն 17 մարդու կյանք խլած ողբերգությանը հաջորդած 24 ժամվա ընթացքում ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ է հավաքվել:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով ավելի քան 600 մարդ անօթևան է մնացել:















