Սպանություն Երևանում. 51-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է բռնության հետքերով

14:14 • 16.06.17

Նախօրեին Երևանում սպանություն է տեղի ունեցել:Սեփական տանը հայտնաբերվել է տղամարդու դի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ դիի առկայության մասին ոստիկանությունն ահազանգ ստացել է:

«Հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ խումբը կանչով մեկնել է Ավանում գտնվող հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի»,- ասացին Ոստիկանությունից՝ ավելացնելով, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ քննիչի գլխավորությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ սպանության մասին ահազանգ ստացել են և այդ առթիվ հարուցվել է քրեական գործ.«Ահազանգ կա, հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով»: