Ն. Զոհրաբյանն արդեն իր ղեկավարած հանձնաժողովի նիստից բացակայածների աշխատավարձերը կրճատելու հիմքերն ուղարկել է ԱԺ նախագահին

17:31 • 16.06.17

ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իր գլխավորած հանձնաժողովի նիստերից բացակայությունների հարցին, նկատեց, որ դա ո՛չ իր, ո՛չ էլ որևէ հանձնաժողովի նախագահի հարցն է, դա օրենքի պահանջ է: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀԿ–ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի կամ Արկադի Համբարձումյանին համար հոգեհարազատ է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, վերջինս առաջարկեց այս հարցը ուղղել հենց այդ պատգամավորներին, քանի որ ինքը նրանց մոտիվացիաներից ու մղումներից տեղյակ չէ: 

-Տիկին Զոհրաբյան, փաստորեն, Եվրաինտեգրման հանձնաժողովն այս գումարման խորհրդարանում արդեն երկու նիստ գումարել է, և «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ՝ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը  և այլք,  չեն մասնակցում նիստերին: Մամուլում այսօր հրապարակում կար այն մասին, թե քանի որ նրանց բացակայություններն անհարգելի են, այդ օրերի համար իրենք աշխատավարձ չեն ստանալու:


- Գիտեք՝ դա Նաիրա Զոհրաբյանի կամ որևէ մեկի ցանկությամբ կամ հայեցողությամբ չէ. կա պատգամավորական գործունեության երաշխիքների մասին օրենք, որն ընդունել է Ազգային ժողովը և որի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի  աշխատանքներին և նրա բացակայությունը համարվում է անհարգելի, ապա ավտոմատ կերպով գործում են, ինչպես արդեն նշեցի՝ հիշյալ օրենքի նշածս հոդվածի դրույթը և այդ օրերի համար պատգամավորը չի ստանում աշխատավարձ: Ես համապատասխան արձանագրությունը նշյալ պատգամավորների անհարգելի բացակայության մասին արձանագրմամբ ուղարկել եմ ԱԺ նախագահին: Մնացածն արդեն ԱԺ նախագահի որոշելու խնդիրն է: Նշյալ պատգամավորները կամ իրենց օգնականները հանձնաժողովին չեն տեղեկացրել իրենց բացակայությունները հարգելի համարելու մասին, ուստիև՝ նրանց բացակայությունները համարվում են անհարգելի, որի դեպքում գործում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ դրույթը: Դա Նաիրա Զոհրաբյանի կամ որևէ այլ հանձնաժողովի ցանկությամբ կամ հայեցողությամբ չէ:


- Եթե այս բացակայությունները շարունակվեն, դա մի տեսակ «ավանդույթի» հարց է, կնախաձեռնե՞ք նրանց Ձեր հանձնաժողովից վտարելու գործընթաց:

- Ես էլի եմ կրկնում՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է, որ այս պատգամավորները պիտի լինեն Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում: Դա իմ գործը չէ, դա «Հանրապետական» խմբակցության ներքին խնդիրն է: Յուրաքանչյուր անհարգելի բացակայության դեպքում ես օրենքի ուժով հանձնաժողովի նիստի  արձանագրությունն ուղարկելու եմ ԱԺ նախագահին:

 -Նաև մամուլում տեղեկություն կար, որ հիշյալ պատգամավորները եկել են Ձեր ղեկավարած հանձնաժողով, քանի որ այստեղ քիչ են նիստ անում, ինչը չաշխատողների համար խիստ հարմար է: 

- Մեր հանձնաժողովն արդեն երկու նիստ գումարել է, ես չգիտեմ իրենց մոտիվացիան ինչն է եղել Եվրոպական ինտեգրման հանձնաժողով գալու: Կրկնում եմ՝ դա  բացառապես ՀՀԿ-ի գործն է։

- Բայց չե՞ք կարծում, որ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովն այնքան էլ հոգեհարազատ չէ նշված անձանց:

-Այդ մասին իրենց պետք է հարցնեք: Ես իրենց ներքին մղումների ու մոտիվացիաների մասին բացարձակապես տեղյակ չեմ: