Պենտագոնն ուսումնասիրում է ռուսական օդուժի հարվածի հետևանքով ԻՊ-ի առաջնորդի հնարավոր սպանության մասին տեղեկությունը
ԱՄՆ ռազմական գերատեսչությունն ուսումնասիրում է սիրիական Ռաքքա քաղաքի մոտակայքում ռուսական օդուժի հարվածի հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր սպանության մասին տեղեկությունը: Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է CNN Arabic հեռուստաալիքը` վկայակոչելով ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Պենտագոնը «ծանոթ է այդ զեկույցին»:
«Ռուսաստանն օդային հարված է հասցրել մայիսի 28-ին Ռաքքայի մոտակայքում, և այժմ մենք ուսումնասիրում ենք տեղեկությունը՝ այդ տվյալները հաստատելու համար»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ԻՊ-ի առաջնորդի հնարավոր սպանության մասին: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նախնական տվյալներով, սպանվել է Սիրիայում ռուսական օդային հարվածի հետևանքով:
Սու-35 և Սու-34 ինքնաթիռների հարվածը հասցվել է մայիսի վերջին Ռաքքայի հարավային արվարձանում, որտեղ անցկացվում էր ԻՊ-ի առաջնորդների խորհրդակցությունը:
«Տարբեր ալիքներով ստուգվող տեղեկություններով՝ խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով հարվածի հետևանքով սպանվել է»,- հայտարարել են ռուս զինվորականները:










