Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի խանգարել Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության համաձայնագրի ստորագրմանը. վերլուծաբան
Եվրոպական միությունը վարում է ընդլայնման քաղաքականություն, ինչի հետևանքով էլ քննարկվում է Ադրբեջանի հետ համապարփակ նոր համաձայնագիր կնքելու հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հրապարակախոս, հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ խոսելով Ադրբեջանի և Եվրամիության միջև տարվող ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորության մասին:
Ըստ Պորտնիկովի՝ համագործակցությունն ունի տնտեսական ու քաղաքական բնույթ:
Նա հիշեցրեց, որ նույն դրդապատճառներից ելնելով Եվրոպական միությունը առաջարկեց նման փաստաթուղթ ստորագրել մի շարք երկրների, այդ թվում՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, որոնք ստորագրեցին այն, Հայաստանին, որը հրաժարվեց նախաստորագրել փաստաթուղթը:
«Հայաստանը քաղաքական սխալ թույլ տվեց՝ չստորագրելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Եվրամիությունը, սակայն, շարունակում է ընդլայնել իր համագործակցության շրջանակը և հերթը Ադրբեջանինն է»,- նշեց Պորտնիկովը:
Նա չբացառեց, որ Ադրբեջանի պարագայում էլ հնարավոր է կրկնվի այն սցենարը, որը Հայաստանի պարագայում էր, պաշտոնական Մոսկվան կարող է խանգարել Ադրբեջանին ստորագրել փաստաթուղթը:
«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը նման փորձեր իրականացնի: Այլ հարց է՝ որ պահին Ռուսաստանը կփորձի խանգարել դրան: Կարծում եմ, որ Մոսկվան կգտնի ճանապարհ ցույց տալու Ադրբեջանին, որ առանց իր իմացության, համաձայնության չի կարող 3-րդ երկրի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրել»,- շեշտեց Վ. Պորտնիկովը:
Նշենք, որ Եվրամիության արտաքին ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով բաժնի տնօրեն Լյուք Դևինը օրերս հայտարարել էր, որ կողմերը ցանկանում են նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել մինչև այս տարեվերջ նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը: Այսօր Ադրբեջան է ժամանել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել հարցը:










