Պուտինը պատմել է Սթոունին ՌԴ նախագահական ընտրություններին ԱՄՆ-ի միջամտության մասին
Ամերիկյան Showtime հեռուստաալիքը ցուցադրել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Պուտինի հարցազրույցը» վավերագրական ֆիլմի չորրորդ և վերջին հատվածը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին հատվածում ՌԴ նախագահը Սթոունի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն միջամտել է Ռուսաստանի ընտրություններին 2012 թվականին, պատասխանել է, որ Վաշինգտոնը պարբերաբար միջամտել է Ռուսաստանի ընտրություններին, բայց դա առանձնապես նկատելի է եղել 2012 թվականին:
«Ե՛վ 2000, և՛ 2012 թվականին, միշտ եղել է: Բայց 2012 թվականին առանձնապես ագրեսիվ կերպով: Ես մանրամասների մեջ չեմ խորանա»,- հայտարարել է Պուտինը:
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործել է դիվանագիտական ծառայողներին իր նպատակների համար:
«Ամերիկացի գործընկերները գիտեն այդ մասին, և ես ասել եմ դա և՛ (նախկին պետքարտուղար Ջոն) Քերիին, և՛ (նախկին նախագահ Բարաք) Օբամային: Մեզ համար դժվար կլիներ անգամ պատկերացնել, որ դիվանագիտական աշխատակիցներն ագրեսիվ ձևով միանան Ռուսաստանի ներսում նախընտրական արշավին: Դե և՛ հավաքում էին իրենց մոտ ընդդիմադիր ուժերին, և՛ ֆինանսավորում էին, գնում էին ամեն տեսակի ընդդիմադիր հանրահավաքների: Դիվանագիտական ծառայությունը պետք է այլ բանով զբաղվի, դիվանագիտական ծառայությունը պետք է միջպետական հարաբերություններ զարգացնի»,- ասել է Պուտինը:
«Ոչ կառավարական կազմակերպությունները կարող են զբաղվել ամեն ինչով, ընդ որում՝ ցանկացած երկրի կազմակերպություն: Չնայած ոչ կառավարական կազմակերպությունները հաճախ ֆինանսավորվում են տարբեր կառույցների միջոցով՝ կամ պետքարտուղարությունից, կամ ինչ-որ այլ կվազիպետական աղբյուրներից: Հետխորհրդային ամբողջ տարածքում, Արևելյան Եվրոպայում, այլ երկրներում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում նույն բանն է տեղի ունենում»,- նշել է Պուտինը:










