ԱՄՆ փոխնախագահը փաստաբան է վարձել «ռուսական գործի» հետաքննության առնչությամբ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն արտահաստիքային փաստաբան է վարձել, որպեսզի նա օգնի Կոնգրեսի հանձնաժողովների հղած հարցումների և ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի, այսպես կոչված, «ռուսական գործի» հետաքննության առնչությամբ: Այդ մասին գրում է The Washington Post-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ փոխնախագահը վարձել է McGuire Woods-ից Ռիչարդ Քալենին, որպեսզի օգնի նրան պատասխանել հատուկ դատախազի հարցումներին: Փոխնախագահն ամբողջությամբ կենտրոնացած է իր պարտականությունների վրա և անհամբերությամբ սպասում է այս քննարկումների շուտափույթ ավարտին»,- հայտնել է Փենսի ներկայացուցիչ Ջարոդ Ագենը:
Փենսի ներկայացուցչի խոսքով՝ փաստաբան վարձելու որոշումն ընդգծում է փոխնախագահի ցանկությունը՝ ամբողջությամբ համագործակցել «ռուսական գործի» հետ կապված հետաքննության շրջանակում:
Օրեր առաջ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին Սենատում խոսել էր ամերիկյան նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության մասին։ ՌԴ-ն հերքում է մեղադրանքները։










