Զախարովայի հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի հաշվի առնելով ԼՂ ժողովրդի ցանկությունը, պատասխանն է Մամեդյարովին․ քաղաքագետ
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով՝ հաշվի առնելով ԼՂ ժողովրդի ցանկությունը, պատասխանն է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ԼՂ-ի ստատուս քվոն պետք է փոխվի:
Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ պետք է բոլորս հասկանանք, որ մայիսին Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունն էլ պատահականություն չէր: «Ի վերջո, բոլորի համար հասկանալի է, որ ստատուս քվոն ցանկանում է Ադրբեջանը փոխել՝ անընդհատ կրակելով, զինադադարի ռեժիմը խախտելով»,- ասաց նա:
Նա նկատեց, որ Ադրբեջանն արդեն լկտիացել է, իրեն լկտի է պահում ոչ միայն Հայաստանի կամ Արցախի նկատմամբ, այլ նաև՝ միջազգային հանրության նկատմամբ: Ստեփան Գրիգորյանը հիշատակեց, որ մայիսի 28-ին, երբ Ռուսաստանը նախաձեռնեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Ադրբեջանը դրանից առաջ և նույն օրը սահմանում սպանեց հայ զինվորների:
«Միամիտ մարդիկ կարծում են, թե դա միայն մեր դեմ է ուղղված: Սակայն այդպես չէ: Նրանք անգամ չեն հարգում հանդիպումը նախաձեռնող կողմին»:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի լկտի պահվածքը նաև այլ հարցերում բերել է նրան, որ համանախագահները ստիպված էին նրան «տեղը դնել»:
Վերադառնալով Զախարովայի հայտարարությանը՝ նա նշեց, որ Մոսկվան շատ լավ գիտի, որ ԼՂ-ի ստատուս քվոն Ադրբեջանը ցանկանում է փոխել՝ իրեն տարածքները վերցնելով:
«Լավ գիտեն, որ Մամեդյարովը ստատուս քվո փոխել ցանկանալով՝ նկատի չունի Արցախին անկախություն տալը: Ես կարծում եմ, որ Զախարովայի հայտարարությունը հետևանքն է Ադրբեջանի վարած քաղաքականության: Ադրբեջանը, որ բոյկոտում է բանակցությունները, Ադրբեջանը, որ անցած տարվա Վիեննայի պայմանավորվածությունները չի ցանկանում կատարել, ի վերջո, Մինսկի խմբի պատվին է հարվածում՝ ԱՄՆ-ի Ռուսաստանի, Ֆրանսիայի պատվին է խփում»:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ միգուցե Մինսկի խմբի հակազդեցությունն Ադրբեջանի դեմ, մի քիչ ուշացավ, բայց այսուհետ, իր կարծիքով, հասցեական ու գուցե դատապարտող հայտարարություններն ավելի հաճախ կլինեն: «Ես չեմ բացառում, որ եթե Ադրբեջանը շարունակի իրեն լկտի պահել, հնարավոր է՝ դատապարտող հայտարարություններ լինեն»,- ասաց նա:
Իր ագրեսիվ և սպառնալիքներով քաղաքականության արդյունքում, Ստեփան Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը սկսեց դիվանագիտական պարտություն կրել: «Նաև չպետք է մոռանալ, որ իրենք, օգտագործելով իրենց վետոյի իրավունքը, փակեցին Երևանում ԵԱՀԿ գրասենյակը: Դրա վերաբերյալ դժգոհությունը հենց այնպես չէր անցնելու: Ի վերջո, այդ գրասենյակի փակումը հարված էր ԵԱՀԿ-ին, հետևաբար դա հարված էր առաջին հերթին ուղղված ԱՄՆ-ին և Ռուսաստանին»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանն իր վարած խոշոր խաղացողների դեմ:
Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ քաղաքագետի, Հայաստանը կարող է օգտագործել հօգուտ իրեն՝ միջազգային հանրությանը կառուցողական առաջարկներ ներկայացնելով: «Կարծում եմ, որ դա հիմա ինչ-որ չափով արվում է: ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի՝ բանակցություններ սկսելու, իհարկե Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը պահանջելով»,- ասաց նա:
Խոսելով այս պահին ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի փակուղի մտնելու մասին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այս իրավիճակը ոչ ոքի ձեռնտու չէ, բայց եթե Հայաստանին ոչ մի հետաքրքիր բան չեն առաջարկում, մեզ ԼՂ-ի ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է: «Ես պնդում եմ, որ մենք պետք է ուժեղացնենք Հայաստանն ու Ղարաբաղը, բանակը, պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից հնարավոր ցանկացած պրովոկացիայի: Տակտիկապես էլ պետք է աշխատենք աշխարհին ասել, որ մենք պատրաստ ենք բանակցային գործընթացին, Ադրբեջանը չի ցանկանում մասնակցել բանակցություններին: Պետք է պատրաստ լինենք Արցախի ճանաչմանը՝ դրա համար զարգացնելով երկիրը: Ցավով եմ նշում, բայց Ադրբեջանը երբեք չի խելոքանա, անընդհատ պրովոկացիաների կգնան»,- ասաց նա:










