Ֆրանսահայերը ստորագրահավաք են նախաձեռնել՝ Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոն տեղափոխելու համար

15:46 • 17.06.17

Ֆրանսահայերը ստորագրահավաք են նախաձեռնել՝  ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում զետեղելու համար։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նախաձեռնության համահեղինակ կազմակերպության՝ «Արմենիա» միության ղեկավար Գրիգոր Ամիրզայանը:

«Ստորագրահավաքը սկսվել է մայիսի սկզբներից: Այս պահի դրությամբ համացանցում նախաձեռնությանը միացել է 576 Ֆրանսիայի ֆրանսիացի: Ակնկալում ենք, որ Ֆրանսիան կորոշի աճյունը Փարիզի պանթեոնում զետեղել»,- ասաց նա:

Գրիգոր Ամիրզայանն ասաց, որ այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հավաքվել է մոտ 1200 ստորագրություն, 2000-3000 ստորագրություն հավաքվելու դեպքում, նամակով իրենց պահանջը ներկայացնելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: