Խաղաղություն փնտրելու ժամանակներն անցել են, պետք է հաղթանակ որոնել՝ շարունակելով պատժել հակառակորդին. քաղաքագետ (տեսանյութ)
Ադրբեջանն այս պահին լայնամասշտաբ պատերազմի չի գնա, նման ռեսուրսներ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին (Հարցազրույցի պահին հայկական կողմը 3 զոհ ուներ, ավելի ուշ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց 4-րդ զոհի մասին – Tert.am):
«Ադրբեջանն իր այս վարքագծով կարող է բերել նրան, որ հայկական կողմը նախաձեռնի շատ լուրջ գործողություններ, թող դա լայնամասշտաբ պատերազմ չկոչվի, մենք նման խնդիր մեր առջև դրված չունենք, բայց նման տրամաբանությամբ գործընթացները չեն կարող երկար տևել և կարող են ուշ թե շուտ հասնելու էպոպեայի, որից հետո զարգացումները հաշվարկել դժվար կլինի»,- մանրամասնեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը հայկական կողմը երբեք անպատասխան չի թողել, հիմա էլ մեր զոհերը ադրբեջանական կողմի զինվորականների վրա «թանկ են նստելու», պատժիչ գործողությունները չեն ուշանա:
Անդրադառնալով հարցին, թե այս փուլում սահմանային լարվածությունը կարող է կապ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին հասցեական հայտարարության, Ադրբեջան- Թուրքիա համատեղ զորավարժությունների հետ, քանի որ այս պահին Թուրքիան ձեռնտու է պատերազմ սանձազերծելը մեր սահմանին՝ ելնելով քրդական պետության կայացման հեռանակարից, Հրանտ Մելիք–Շահնազրյանը նշեց, որ Ադրեբջանի գործողությունների մեջ առիթներ փնտրել պետք չէ:
«Հանկարծակի գալ պետք չէ պարզ է՝ ինչ է կատարվում։ Բնականաբար հասկանելի է, թե հարաբերությունների ինչ աստիճան կա հայկական երկու կողմերի և Ադրբեջանի միջև, վաղուց հրաժարվել եմ Ադրբեջանի նման գործողությունների պատճառները փնտրել, որովհետեև շատ հստակ և հասկանալի է կա մեկ պատճառ, որը թշնամանքն է և թշնամական քարոզչությունը, որն իրականացվում է Ադրբեջանում և այդ ոգով դաստիրակվում է Ադրբեջանի հասարակությունը»,– ասաց նա:
«Նույն կեցվածքը բնորոշ է Ադրբեջանի զինվորականներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է զսպել Ադրբեջանի ակտիվությունը սահմանին և ինչպես ապահովել առավելագույն անվտանգությունը, հատկապես սահմանապահ զինծառայողների համար»,- ընդգծեց նա:
Քաղաքագետը շեշտեց, որ պետք է միշտ հիշել, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականությունը չի պատրաստվում փոխել:
«Այսօր մեր տրամաբանության բացթողումներից մեկն այն է, որ գտնվելով փաստացի պատերազմական իրավիճակում, չեմ ասում պատերազմի մեջ, մենք խաղաղություն ենք որոնում, մինչդեռ պետք է հաղթանակի ճանապարհներ որոնել, խաղաղությունը հեշտ չի տրվում, 2,5 տասնամյակի ընթացքում հակառակորդը որևէ կերպ չի փոխվել և մշտապես առաջնորդվել է նույն շարժառիթներով, մոտեցումներով գաղափարներով։ Հետևաբար` պետք է հասկանալ խաղաղություն փնտրելու ժամանակներն անցել են, Ադրբեջանին պիտի զրկել գործելու հնարավորությունից՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ տնտեսության մեջ, թե՛ դիվանագիտական հարթակում, որտեղ ձեռքներդ հասնի այնտեղ պետք է խանգարել»,- շեշտեց նա:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը հավելեց, որ արդեն 2,5 տարի է, ինչ ժամանակ առ ժամանակ նախաձեռնողական քաղաքականություն ենք վարում, որն իր դրական արդյունքները տալիս է, պետք է այդ ճանապարհով գնալ:
Մանրամասները՝ տեսանյութում։










