Արցախից Երևան է տեղափոխվել 2 վիրավոր զինծառայող. նրանց վիճակը ծանր է

16:50 • 17.06.17

Այսօր Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վիրավոր զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն:

«Երկու վիրավորի վիճակն էլ ծանր է, բայց կայուն»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն
Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):


ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հունիսի 17-ին, հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով ևս մեկ դեպք: Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Նշենք, որ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել էր վիրավորների մասին տեղեկությունը՝ նշելով, որ հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտման գործողություն կատարելու հետևանքով երեք զոհից բացի վիրավորներ չկան:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ զրույցում նույնպես հերքել էր վիրավորների մասին տեղեկությունը: Ի պատասխան հարցի, թե հունիսի 16-ի սահմանային միջադեպ հետևանքով երեք զոհերից բացի վիրավորներ կան, թե ոչ, ասաց.«Տեղեկությունը տեղադրված է կայքում, այսքանը»:

Նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում հունիսի 16-ին տեղադրված հաղորդագրությունում նշվում է միայն երեք զոհի մասին։