ՌԴ Տուլայի շրջանում հայկական համարանիշներով միկրոավտոբուսի վթարից տուժած 9 քաղաքացիներից 3-ը դուրս են գրվել (լրացված, տեսանյութ)
21.09
Ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
19.05
Հայտնի է ՌԴ Տուլայի շրջանում հայկական համարանիշներով միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների ինքնությունը։
Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Տուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Ռուսական սոցցանցի օգտատերը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։
17.46
Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մահացել է 1, տուժել՝ 9 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց:
Տուժածների քաղաքացիությունը և ինքնությունը ճշտվում են: ԱԻՆ–ի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի՝ 1961 թ. ծնված Նասիրով Օթարն է:
___________________________________
16.54
Երևան-Մոսկվա ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսը, նախնական տեղեկություններով, պատկանել է Քուչակ-տուր ՍՊԸ-ին: Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:
Նախարարության նախնական տեղեկություններով՝ «Iveco» մակնիշի մեքենան կատարել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Ուղևորափոխադրում իրականացրած վարորդը եղել է Արթիկից:
_____________________________________
16.00
Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ըստ նախնական տվյալների, պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են:
Նշենք, որ ռուսական life.ru-ի տեղեկություններով՝ ավտովթարի արդյունքում տուժածների թիվը 7-ն է, իսկ միկրոավտոբուսում շուրջ 17 մարդ է գտնվել:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










