Ալավերդու դատարանը վարույթ է ընդունել Դեբեդ գետն ընկած 4-ամյա Ռոբերտի դաստիարակի նկատմամբ հարուցված գործը

17:31 • 18.06.17

 

 Վաղը՝ հունիսի 19-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի մանկահասակ երեխային վրաերթի ենթարկած և անզգուշությամբ նրան մահ պատճառած Արման Բադալյանի գործով դատավարությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արման Սամսոնի Բադալյանը 2016թ. մայիսի 07-ին ժամը 12:10-ի սահմաններում, իրեն ամրակցված «ԳԱԶ-322132» մակնիշի  թիվ 44 երթուղում շահագործվող միկրոավտոբուսով, մոտ 10-12 ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի կողմից Նորագավիթ 1-ին փողոցով դեպի Արտաշատի խճուղու ուղղությամբ, շուրջ 30 կմ/ժ արագությամբ, չհասած Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկին` նկատել է հանդիպակաց ուղեմասի մայթի տարածքում կանգնած մի կնոջ և երեխաների, որից հետո միկրոավտոբուսի արագությունն իջեցրել է մինչև 10 կմ/ժ և շարունակել է երթևեկությունը նույն ուղղությամբ, որի ընթացքում տեսել է մայթի տարածքից դեպի երթևեկելի մասի ուղղությամբ ուղիղ անկյան տակ, արագ վազքով շարժվող մանկահասակ Վ.Մարգարյանին: Ըստ մեղադրանքի՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն` վարորդը  ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել միկրոավտոբուսի ընթացքը, որի արդյունքում վրաերթի և վրաանցման է ենթարկել մանկահասակ Վ.Մարգարյանին` անզգուշությամբ պատճառել նրան մահ:

Վաղը՝ հունիսի 19-ին  Ալավերդու ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Հրաչիկ Գևորգի Ավետիսյանի  դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի հունվարի 25-ին, ժամը 09-ի սահմաններում, համագյուղացի  Քիշմիշ Բարսեղյանին պատկանող 100.000 ՀՀ դրամ արժողության «Կովկասյան հովվաշուն» ցեղատեսակի շանը սպանելու համար:

Հրաչիկ Գևորգյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրություն տալու խափանման միջոցը:

Նշենք, որ նույն՝ Ալավերդու ընդհանուր իրավասության դատարանում օրերս վարույթ է ընդունվել չորս տարեկան Ռոբերտ Դալլաքյան մահվան փաստով հարուցված քրեական գործը: Դատաքննության օր դեռ նշանակված չէ:

Ըստ մեղադրանքի՝Գայանե Ժիլբերտի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում որպես դաստիարակ, 2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում, անուշադրության է մատնել մանկահասակ Ռոբերտ Դալլաքյանին, ինչի արդյունքում առանց հսկողության թողնված երեխան դուրս է եկել հաստատության շենքից, ապա տարածքից և գնացել դեպի Դեբեդ գետը: Նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, մանկահասակ Ռոբերտ Դալլաքյանի դին հայտնաբերվել է հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:

Ամբաստանյալի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: