«Թող էտեն ծառերը, բայց որ ոչնչացնում են, սարսափելի է». բնակիչները՝ Նոր Նորքում ծառահատման մասին (տեսանյութ)
Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ շենքի հարակից պուրակում կտրված ծառերի բներ են հայտնաբերել:
Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Հասմիկ Խաչատրյանն ասաց, որ ահազանգել է քաղաքապետարանի թեժ գծին, և տեղեկացրել ծառերի հատման մասին, բայց ի պատասխան իրեն հայտնել են, որ ուղղակի ծառերի էտում է տեղի ունեցել:
«Ի՞նչ ծառ էտելու մասին է խոսքը, խորքից կտրել են: Հատված ծառերի կույտ կար, առավոտ շուտ ժամը 8:30 սահմաններում կանաչապատման մեքենա եկավ և այն հավաքեց: Սիրուն մեքենայի մեջ լցրեցին, կարծես թե, այստեղ ոչինչ չի եղել»,- նշեց Խաչատրյանը:
Բնակիչը մտահոգություն հայտնեց, որ տվյալ տարածքում շինարարություն սկսելու դեպքում փոքր հատվածով չեն սահմանափակվելու, այլ կամաց-կամաց ընդլայնվելու են:
Թոթովենց 3 հասցեի մեկ այլ բնակիչ Ջեմմա Գասպարյանն էլ ասաց. «Մենք իրենցից մեծ բաներ չենք ուզում, ուղղակի գոնե կանաչը պահեն: Մենք համաձայն ենք, թող գան էտեն ծառերը, սիրունացնեն, բայց որ ոչնչացնում են, այ դա սարսափելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










