Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 3 հայազգի պատգամավորներ են ընտրվել
Հունիսի 18-ին Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ խորհրդարան է անցել երեք հայազգի թեկնածու․ այս մասին հավաստեց ֆրանսահայ լրագրող-ծաղրանկարիչ, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը:
«Անցել են Ժակ Մարիլոսյանը, Դանիել Կազարյանը, Գիյոմ Կասբարյանը: Երեքն էլ նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից են»,- ասաց նա՝ նշելով, որ խորհրդարան անցած թեկնածուներից մեկի՝ Նադյա Եսայանի ամուսինն էլ հայազգի է:
Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամն է, որ 3 հայազգի պատգամավորներ լինելու են խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մրցապայքարին մասնակցում էին 4 հայազգի թեկնածու: Վերը նշված խորհրդարան անցածներից բացի՝ Պուշ դիվ Ռոնի տեղամասում պայքարում էր Պասկալ Շամասյանը: Նա պարտվեց նույն տեղամասում առաջադրված հայամետ, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից Վալերի Բուաեյի հետ պայքարում:










