«Մաթեմատիկայի» միասնական քննության դիմորդների թիվը նվազել է մոտ 400-ով. Արա Իսպիրյան
Հունիսի 16-ին տեղի են ունեցել 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունները: Նախորդ տարվա համեմատ այս տարի «Մաթեմատիկայի» դիմորդների թիվը նվազել է մոտ 400-ով: Այս մասին Tert.am–ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Այս տարի «Մաթեմատիկա» առարկայի քննությանը դիմորդների թիվը եղել է 4225, որից անբավարար է ստացել 11.8 տոկոսը՝ 492 հոգի: Նախորդ տարվա համեմատ անբավարար ստացողների տոկոսը մի քիչ նվազել է. այս տարվա 11.8 %-ի փոխարեն նախորդ տարվա ցուցանիշը եղել է 12.5 %:
«Ընդհանրապես, մաթեմաթիկայի քննությունների այս տարվա արդյունքները բոլոր նորմաների մեջ տեղավորված են, բավականին հաջող արդյունք է: Ըստ միջազգային չափորոշիչների՝ դիմորդների 10-12 տոկոսի անբավարար ստանալը նորմալ է համարվում»,- ասաց Իսպիրյանը:
Նրա տեղեկացմամբ՝ քննության միջին միավորը 11.4-ն է: 60 տոկոսն ստացել է 7.5-13 բալ, իսկ առավելագույն 20 միավորը ստացել է ընդամենը 40 դիմորդ:
Միասնական քննություններից մնացել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաները, որոնք անցկացվելու են մեկ օրում՝ հունիսի 20-ին, իսկ վերջինը ռուսերենի քննությունը՝ հունիսի 23-ին:










