Տուլայի ՃՏՊ-ից տուժած ՀՀ 2 երեխաներից մեկի վիճակը բավարար է, մյուսինը՝ միջին ծանրության
Երեկ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6ը տեղափոխվել է Ստուպինո, 3ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի շրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը` միջին ծանրության:
Նախարարությունից նշում են, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:










