Հնդկուհին ծննդաբերել է չվերթի ժամանակ. ավիաընկերությունը ցմահ անվճար ճամփորդելու տոմս է նվիրել նորածնին

15:34 • 19.06.17

Հնդկական Jet Airways ավիաընկերության ինքնաթիռներից մեկի ուղևորուհին առողջ տղա է լույս աշխարհ բերել 10.6 կմ բարձրության վրա գտնվող օդային փոխադրամիջոցում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ինքնաթիռն իրականացնելիս է եղել Դամամ (Սաուդյան Արաբիա)-Կոչի (Հնդկաստան) չվերթը, երբ հղիության 32-րդ շաբաթում գտնվող երիտասարդ հնդկուհու մոտ վաղաժամ ծննդաբերական ցավեր են սկսվել:

Բարեբախտաբար, ուղևորների մեջ բժիշկ է եղել, որն օգնել է ծննդկանին:

Աղբյուրը մանրամասնում է, որ արտակարգ պատահարի պատճառով 162 ուղևորով Boeing 737 օդանավը վայրէջք է կատարել Մումբայում, որտեղ կինն ու նորածինը հոսպիտալացվել են:

Jet Airways-ի ներկայացուցիչը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ իրենց չվերթի ժամանակ երեխա է ծնվել: Բացի այդ, ավիաընկերությունը երեխային իրենց օդանավերից ցմահ անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռել: