Ֆրանսիայում հայ կավատներ են ձերբակալվել
Ֆրանսիայում անցած շաբաթ ծնունդով Հայաստանից կավատների ցանց է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրի:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր գրասենյակի ղեկավար Ժան-Մարկ Դրոգեն հաստատել է, որ 14 մարդ է ձերբակալվել Բորդոյում, Նանտում, Նիցցայում, Պուատյեում և Փարիզում:
Նրանցից 12-ն արդեն կանգնել է Ռենի դատարանի առաջ: Խմբից շատերը հայտնի են եղել ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ ցանցը կապեր է ունեցել ռուսական մաֆիայի հետ։
Այս ցանցը, որը բաղկացած է եղել մոտ 30 տարեկան տղամարդկանցից, հանդիպումներ է կազմակերպել մարմնավաճառների հետ՝ ներկայանալով որպես հաճախորդ: Այնուհետ նրանք կողոպտել են զոհերին և սպառնացել վերադառնալ, եթե մարմնավաճառները չվճարեն իրենց եկամուտների մի մասը ցանցին:
Տասը ամիս տևած հետաքննությունից հետո և չնայած բողոքների բացակայությանը՝ ոստիկանները կարողացել են փաստեր հավաքել 20 նման դեպքի մասին: Քննիչները, սակայն, կարծում են, որ հարձակումները կարող են երեք-չորս անգամ ավելի շատ լինել:










