Հայ դասախոսը պատմել է՝ ինչպես է փրկվել Լոնդոնի 24-հարկանի շենքում բռնկված հրդեհից (տեսանյութ)
Լոնդոնում մի խումբ ուսանողներ դրամահավաք են սկսել 24-հարկանի Grenfell Tower-ում ապրող իրենց սիրելի դասախոսին օգնելու համար, ով հրդեհի հետևանքով կորցրել է ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ PhD-ի իր հետազոտությունը, գրում է croydonadvertiser.co.uk կայքը:
28-ամյա Մեսրոպ Քասեմջյանն ընկերուհու և տարեց հորաքրոջ հետ կարողացել էր փախչել 17-րդ հարկում գտնվող իր բնակարանից մինչ հրդեհի ամբողջ շենքով տարածվելը:
University Centre Croydon համալսարանի կրիմինալոգիայի դասախոսը տեսել է, թե ինչպես է շենքն «այրվում մոմի պես»:
Այժմ նրա ուսանողները փորձում են 1500 ֆունտ ստերլինգ հավաքել հրդեհի հետևանքով կորցրած նրա գրքերը, համակարգիչը և դասավանդելու ու PhD-ի հետազոտության համար օգտագործվող այլ սարքավորումներ վերականգնելու համար, որպեսզի իրենց սիրելի դասախոսը կարողանա շարունակել դասավանդումը և հետազոտությունը:
Մեսրոպ Քասեմջյանը շենքի առաջ ամերիկյան Today հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է, որ ֆիլմ էր դիտում, երբ լսել է հրշեջ մեքենաների ազդանշանները:
«Ես դուրս եկա ստուգելու վերելակները, որպեսզի տեսնեմ՝ ինչ է կատարվում: Ամեն ինչ հանգիստ էր, բայց ես ծխի հոտ զգացի: Ներս մտա ու պատուհանից դուրս նայեցի, ներքևում տեսա դուրս եկող կրակը»,- պատմել է Քասեմջյանը:
Այնուհետև նա արագ արթնացրել է իր հորաքրոջը և ընկերուհու օգնությամբ նրանք իջել են ցած:
«Երբ մենք դուրս եկանք, շենքը սկսեց մոմի պես այրվել: Մենք դրսում էինք և վերև էինք նայում ու տեսնում՝ ներսի մարդիկ ինչպես են մեզ ձեռքով թափահարում: Մենք նրանց ասում էինք, որ իջնեն, բայց նրանք նորից թափահարում էին՝ հավանաբար չկարողանալով իջնել»,- պատմել է Քասեմջյանը՝ ենթադրելով, որ հավանաբար այդ ընթացքում ծուխը խտացել էր աստիճանավանդակում, և նրանք վախենում էին խեղդվել:
Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 58 մարդ: Նշվում է, որ ավելի քան 120 ընտանիք զրկվել է կացարանից:
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Սքոթլենդ Յարդը:










