Լոնդոնում ամբոխին վրաերթի ենթարկած տղամարդն օդային համբույր է ուղարկել ոստիկանական մեքենայից (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ միկրոավտոբուսով հավատացյալներին վրաերթի ենթարկած տղամարդն օդային համբույր ուղարկում ոստիկանական մեքենայից:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարձակման ժամանակ տղամարդը բղավել է, որ ուզում է սպանել բոլոր մուսուլմաններին և արդեն սկսել է դա անել:
Հայտնի է, որ 48-ամյա տղամարդը միտումնավոր է վրաերթի ենթարկել Ռամադանի երեկոյան աղոթքից հետո մզկիթը լքողներին: Նրա գործողությունների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 11 մարդ:
Ականատեսների համաձայն՝ հավատացյալներից մեկն իրեն վատ է զգացել և ուշաթափվել է: Երբ մյուսները խմբվել են նրա շուրջ՝ տեսնելու, թե ինչ է պատահել, միկրոավտոբուստը բարձր արագության տակ շարժվել է նրանց ուղղությամբ: Մզկիթի իմամը հարձակվողին գցել է գետնին ու թույլ չի տվել կատաղած ամբոխին հարձակվել նրա վրա՝ սպասելով ոստիկանությանը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են տղամարդուն, որը ոստիկանական մեքենան նստելուց հետո օդային համբույր է ուղարկել:
Աղբյուրը նկատում է, որ սա անցած 4 ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում 4-րդ ահաբեկչական հարձակումն է: Հայտնի է, որ հարձակումները խլել են 36 մարդու կյանք:
Նշենք, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կատարվածը «հավանական ահաբեկչություն» էր:










