Գեղարքունիքում կնոջը գտել են մալուխով խեղդամահ արված. սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին
Գեղարքունիքի մարզում որդին կասկածվում է մոր սպանության մեջ:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց. «Հունիսի 18-ին՝ ժամը 20:40-ին մի քաղաքացի ոստիկանության Մարտունու բաժին է զանգահարել և հայտնել, որ 1969 թ ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945 Գրետա Սահակյանի վրա»:
Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Գրետա Սահակյանի դին՝ մալուխով խեղդամահ արած վիճակում:
«Հովհաննես Ս.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, այնուհետև ոստիկան ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում Գրետա Սահակյանին սպանելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել նրա որդին՝ Հովհաննես Ս.-ն»,-ասաց նա:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 19-ին՝ ժամը 02:00-ին Հովհաննես Ս.-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարրում՝ մոր սպանության կասկածանքով ձերբակալված Հովհաննես Ս.-ն











