ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռաքքայում սիրիական ինքնաթիռ են կործանել
Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ուժերը սիրիական օդուժի ինքնաթիռ են կործանել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ռաքքա շրջանի Էս-Սաուրա քաղաքի մոտակայքում:
Դամասկոսը հայտարարում է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք էր իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սիրիայի իշխանությունների հայտարարությունում նշվում է, որ դա վտանգավոր հետևանքներ կունենա ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Իրենց հերթին, ամերիկացի զինվորականները պնդում են, որ սիրիական ռազմական ինքնաթիռը ռումբեր է նետել ապստամբների ջոկատի մոտակայքում, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, ինչից հետո էլ այն կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կողմից:










