Ռուսաստանը հունիսի 19-ից դադարեցնում է Սիրիայում թռիչքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 19-ից դադարեցնում է Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի շրջանակում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը: Այդ մասին ասված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան սիրիական օդուժի Սու-22 է կործանել Ռաքքայի շրջանում:
Դամասկոսը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք էր իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Իրենց հերթին, ամերիկացի զինվորականները պնդում են, որ սիրիական ռազմական ինքնաթիռը ռումբեր է նետել ապստամբների ջոկատի մոտակայքում, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, ինչից հետո էլ այն կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կողմից:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հունիսի 19-ից դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման և միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի շրջանակում փոխգործակցությունն ամերիկյան կողմի հետ և պահանջում է ամերիկյան հրամանատարությունից մանրակրկիտ հետաքննություն և դրանց արդյունքների և ձեռնարկած միջոցների տրամադրում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ կոալիցիայի հրամանատարությունը Ռաքքայում գործողության ժամանակ չի օգտագործել Ռուսաստանի հետ կապի ալիքը՝ օդում միջադեպերը կանխելու համար:
«Սիրիայի օդային տարածքում այդ ժամանակահատվածում խնդիրներ էին իրականացնում ռուսական օդուժի ինքնաթիռները: Սակայն կոալիցիոն ուժերի հրամանատարությունը չի օգտագործել «Էլ-Ուդեյդ» և «Հմեյմիմ» ավիաբազաների օդային հրամանատարությունների միջև կապի գործող գիծը Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխման համար»,- ասված է հայտարարությունում:










