Պորտուգալիայում 12 մարդ փրկվել է անտառային հրդեհներիից՝ մտնելով ջրով ցիստեռնի մեջ
Պորտուգալիայի կենտրոնում մոլեգնող անտառային հրդեհներից 12 մարդ է փրկվել. նրանք հաջողացրել են թաքնվել ջրով լի ցիստեռնի մեջ:
Ինչպես նշում է BBC-ն, մարդիկ ջրի մեջ են մնացել ավելի քան 6 ժամ: Հայտնի է, որ ցիստեռնում պատսպարվածների մեջ 95-ամյա հաշմանդամ կին է եղել:
«Եթե սա չլիներ, ապա մենք բոլորս կմեռնեինք»,-պատմել է փրկվածներից մեկը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հունիսի 19-ին եռօրյա սուգ է հայտարարել երկրում, որտեղ անտառային հրդեհների հետևանքով 62 մարդ է զոհվել:
Հայտնի է, որ Պորտուգալիային իրենց աջակցությունն են հայտել Իսպանիան և Ֆրանսիան՝ ուղարկելով ջրցան ինքնաթիռներ: Մինչդեռ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հազարավոր հավատացյալների մասնակցությամբ զոհերի հոգիների խաղաղության համար աղոթք է կարդացել:
Նշվում է, որ Իբերիական թերակղզու որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, ինչի հետևանքով անցած հանգստյան օրերին Պորտուգալիայում գրանցվել է մոտ 60 անտառային հրդեհ, որոնք մարելու աշխատանքներում ներգրավվել է 1.700 հրշեջ:


![]()










