Թերեզա Մեյը Լոնդոնում կատարվածը «հավանական ահաբեկչություն» է որակել (տեսանյութ)

09:09 • 19.06.17

Լոնդոնի հյուսիսային հատվածում միկրոավտոբուսը մխրճվել է աղոթքից հետո մզկիթը լքող ամբոխի մեջ՝ խլելով 1 մարդու կյանք և վիրավորելով առնվազն 8 հոգու:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի վարչապետ Թերեզա Մեյն ու ոստիկանությունը հայտնել են, որ կատարվածը դիտարկում են որպես հավանական ահաբեկչություն:

Հայտնի է, որ միկրոավտոբուսի 48-ամյա վարորդն արդեն ձերբակալվել է: Ականատեսների խոսքով՝ փոխադրամիջոցից դուրս է եկել 3 մարդ, սակայն իրավապահները նշել են, որ վարորդից բացի՝ այլ կասկածյալներ չկան:

Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհրդի ներկայացուցիչները մանրամասնել են, որ վարորդը մեքենան միտումնավոր է ուղղել հավատացյալների վրա:

Նրանք նաև նշել են, որ փողոցը մարդաշատ էր, քանի որ աղոթքը նոր էր ավարտվել, ու մարդիկ դուրս էին գալիս մզկիթից: