Դպրոցի տնօրենների մասին լուրերը պատվեր են, և ես տեսնում եմ դրանց և՛ գլուխը, և՛ ականջները. Արամայիս Գրիգորյան (տեսանյութ)
Արարատի մարզի դպրոցի տնօրենները ազատվել են աշխատանքից իրենց սեփական դիմումի համաձայն: Այս թեմայով մամուլում տեղ գտած մեծ արձագանքը ուղղակի պատվերներ են: Այսօր այս մասին ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե իր պաշտոնավարումից ի վեր ինչո՞ւ են շատ դպրոցների տնօրեններ ազատվել աշխատանքից, ինչի մասին մամուլը շատ է գրել:
«Ես խնդրում եմ, այստեղ որևէ ինտրիգ պետք չէ ման գալ: Դուք կարող եք նույն դպրոցի տնօրեններին հարցնել ինչի համար են իրենք ազատվել պաշտոնից՝ իրենց դիմումի համաձայն: Իսկ մամուլում հնչող պատվերների և՛ գլուխն եմ տեսնում, և՛ ականջները: Այնպես որ, դա նորություն չի, կան մարդիկ, որոնք ծնվել են պատվեր տալու համար, ես դրանց հանգիստ եմ վերաբերում»,- նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքից ազատել է Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանին: Արարատի մարզպետն աշխատանքից ազատել է նաև Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին: Բացի այդ, ըստ նույն հրապարակումների, Գրիգորյանը մտադիր է հեռացնել նաև թիվ 3 դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանին:
Ինչ վերաբերում է դպրոցների օպտիմալացման ծրագրին, Արամայիս Գրիգորյանը նշեց, որ հանրապետությունում կա նման խնդիր, բայց Արարատի մարզում խտությունը բավարար է:
«Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը Արարատի մարզում կազմում է 12 և ավելի, այսինքն, հանրապետական միջինից բարձր է: Ուսուցիչները դեռևս անհանգստանալու խնդիր չունեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










