Եվրախորհրդարանի հանձնաժողովը կոչ է արել կասեցնել Թուրքիայի` ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունները

22:30 • 20.06.17

Եվրամիության հետ Թուրքիայի ասոցացման շուրջ բանակցությունները պետք է կասեցվեն, եթե նախատեսված սահմանադրական փոփոխություններն իրականացվեն: The Armenian Weekly-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 20-ին հայտարարել են Եվրախորհրդարանի Արտաքին գործերի հարցով հանձնաժողովի անդամները:

Թուրքիայի հարցով բանաձևն ընդունվել է 51 կողմ և 3 դեմ ձայնով. 14 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանը բանաձևի շուրջ կքվեարկի Ստրասբուրգում հուլիսին կայանալիք հաջորդ լիագումար նիստի ժամանակ:

Արտաքին գործերի հարցով հանձնաժողովի անդամները Թուրքիայում բարեփոխումների առաջընթացի գնահատման ամենամյա զեկույցում նշել են, որ 2016-ն ամենադժվար տարին էր Թուրքիայի համար, ինչին նպաստել են սիրիական պատերազմը, փախստականների հոսքը, ահաբեկչությունների շարքը և հեղաշրջման փորձը:

Բանաձևում նշվում է ԵՄ-Թուրքիա դրական հարաբերությունների և կառուցողական, բաց երկխոսության պահպանման կարևորությունը, ինչն էական նշանակություն ունի համատեղ մարտահրավերները հաղթահարելիս, ինչիպիսիք են փախստականների, անվտանգության և ահաբեկչության հարցերը:

Եվրապատգամավորներն առաջարկել են արդիականացնել ԵՄ-Թուրքիա միությունը` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նոր համաձայնագրի մաս դարձելով: