Ֆիննական ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Հելսինկիում

09:55 • 20.06.17

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են անցկացրել հնարավոր ահաբեկչական ակտի նախապատրաստման մասին ստացած տվյալներից հետո, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Ոստիկանությանը հայտնի են դարձել փաստեր, որոնք առիթ են հանդիսացել ահաբեկչության նախապատրաստման մասին կասկածների: Ըստ ստացված տեղեկության՝ Տեմպելիաուկիո եկեղեցին կարող է դառնալ հնարավոր ահաբեկչության թիրախ: Ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը վտանգը չեզոքացնելու համար», - նշված է երկրի հետաքննությունների բյուրոյի պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտնի է, որ կիրակի սկսված հատուկ գործողությունն արդեն ավարտվել է, ոստիկանությունը եկեղեցու մոտ տեղակայել է մի քանի անվտանգության պահակախումբ:

Նշենք, որ նախկինում Ֆինլանդիայում ահաբեկչական հարձակումների վտանգը համարվում էր ցածր, մինչդեռ հունիսի 14-ից ահաբեկչական վտանգի մակարդակը երկրում բարձրացվել է՝ ելնելով ստացված մտահոգիչ տեղեկություններից: