ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը պայուսակ է գողացել, որում եղել է 55 800 դրամ. նա հանձնվել է հրամանատարության հսկողությանը
Ժամկետային զինծառայողը մեղադրվում է կողոպուտ կատարելու մեջ: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Կարեն Ֆարխոյանին:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ժամկետային զինծառայող Ե. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 22-ը գտնվելով հիմնական արձակուրդի մեջ` Երևան քաղաքի Անդրանիկի 148շ մոտ Է. Մանվելյանի ձեռքից քաշել է պայուսակը, որում եղել է 55.800 ՀՀ դրամ և բացահայտ հափշտակել:
Ե. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ե. Գասպարյանը նախկինում դատված չի եղել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:










