Հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց օրեր անց ամերիկացի ուսանողի մահվան համար Թրամփը մեղադրել է Հս. Կորեային

11:42 • 20.06.17

ԱՄՆ վարչակազմը Փհենյանին մեղադրել է հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց մի քանի օր անց ամերիկացի ուսանող Օտտո Ուոմբիերի մահվան համար, գրում է CNN-ը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ Ուոմբիերի ընտանիքին ցավակցություններ է հայտնել: «Ծնողների համար ավելի ողբերգական բան չկա, քան երիտասարդ տարիքում երեխային կորցնելը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:


Նրա խոսքով՝ Ուոմբիերի ճակատագիրը կամրապնդի նման ողբերգություններ կանխելու իշխանությունների վճռականությունը: Նախագահն ընդգծել է, որ «անմեղ մարդիկ» դառնում են «օրենքի գերակայությունը և տարրական մարդկային պարկեշտությունը չհարգող ռեժիմների զոհը»:


«ԱՄՆ-ն կրկին դատապարտում է հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը»,- ասել է Թրամփը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկացի Օտտո Ուոմբիերը, ով ազատվել էր Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել ԱՄՆ, մահացել է:


Անցյալ շաբաթ Օտտոն ազատ էր արձակվել Հս. Կորեայի բանտից ու տեղափոխվել հայրենիք՝ կոմայի մեջ գտնվելով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ծանր վնասվածք։


Փհենյանի վարկածի համաձայն՝ Ուոմբիերը բոտուլիզմով էր հիվանդացել բանտում, քնաբեր էր ընդունել ու կոմայի մեջ ընկել։


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման հարցում։ Երիտասարդը 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել, քանի որ քարոզչական պաստառ էր պատռել Փհենյանում: