Հրշեջները չեն կարողացել զսպել հուզմունքը Լոնդոնում հրդեհված շենքը մտնելուց հետո (լուսանկարներ)
Հրշեջները, որոնց հաջողվել է վերջնականապես մարել Grenfell Tower բարձրահարկում բռնկված խոշոր հրդեհը, 1 րոպե լռությամբ հարգել են տասնյակ զոհերի հիշատակը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հրդեհը, որը բռնկվել էր բնակիչներից մեկի սառնարանի շարժիչի անսարքության հետևանքով ու խլել առնվազն 79 մարդու կյանք, հաշված րոպեների ընթացքում տարածվել է 24-հարկանի շենքով:
Հրշեջները պատմել են, որ հուզական առումով իրենց համար չափազանց ծանր էր աշխատել շենքում:
«Չեմ կարող բառերով նկարագրել զգացողություններս, երբ շենքի ներսում էի: Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ են զգացել հրդեհի ժամանակ շենքում թակարդված մարդիկ»,-նշել է հրշեջներից մեկը:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով անօթևան են մնացել հարյուրավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրին 5.500 ֆունտ ստերլինգ է վճարվելու:
Հավելենք, որ ոստիկանության փոխանցմամբ՝ զոհերից մի քանիսի ինքնությունը հնարավոր չէ պարզել, քանի որ դիակները խիստ վնասվել են հրդեհից: Կան ընտանիքներ, որոնք կորցրել են միանգամից մի քանի անդամ: Հայտնի է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է 250 քննիչ, որոնց առաջնային նպատակն է զոհերի ինքնության պարզումը:


























