Մեքսիկայի բանտերից մեկում բողոքի ակցիան վերաճել է զանգվածային անկարգությունների

10:49 • 20.06.17

Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգում գտնվող «Տոպո Չիկո» բանտում բանտարկյալների բողոքի ակցիան վերաճել է զանգվածային անկարգությունների:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, բանտարկյալների դժգոհության պատճառ է հանդիսացել լուրը, թե բանտը գրեթե ամբողջությամբ կարող է անցնել վերջերս այդտեղ տեղափոխված շատ վտանգավոր հանցագործի վերահսկողության տակ:

Շրջանի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Ալդո Սուասուայի հաղորդմամբ՝ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 3000 մարդ:

Ըստ նրա՝ լուրը միտումնավոր է տարածվել բանտարկյալների շրջանում՝ մթնոլորտն ապակայունացնելու համար:

Զանգվածային անկարգությունները սաստելու համար ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ, երկու բանտարկյալ ստացել են վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ 2016թ.-ի փետրվարին նույն բանտում տեղի ունեցած բախումների զոհ էր դարձել 49 մարդ: