Ադրբեջանի փոխվարչապետն ամոթանք է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբին

12:07 • 20.06.17

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն 20 տարի է՝ այցեր են իրականացնում տարածաշրջան, բայց ոչ մի արդյունք չկա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ Ալի Հասանովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:


«Նրանք պետք է ամաչեն, որ արդեն 20 տարի է՝ այցելում են տարածաշրջան, բայց ոչ մի արդյունքի չեն հասել»,- ասել է նա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ միասին հունիսին այցելել են տարածաշրջան: Ինչպես նշված է նրանց հայտարարությունում՝ համանախագահների այցի գլխավոր նպատակն ապրիլի 28-ին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշումը և, ընդհանուր առմամբ, հակամարտության գոտում իրավիճակը քննարկելն էր: